Երբ բացում ես այդ գեղաչքնաղ աշխարհի դուռը և ներխուժում հրաշալիքը, միշտ հիշի՛ր, արկածներն են քեզ սպասում։ Արկածները կարող են լինել ամենուր։ Ե՛վ գեղաչքնաղ արքայադստեր պալատում, և՛ մթան մեջ կորած, բայց չմոլորած բանտում։ Ե՛վ կենսուրախ ու գունազարդ, և՛ թախծոտ ու տանջալի հրաշալիքներում։ Արկածները կարող են լինել քո կողմից լքված հեզաշխարհիկ հայրենիքիդ գրկում, նրա գեղաշխարհիկ ու կիսով չափ խելագարված, բայց գիտակից բնության գրկում, որտեղ և Շիրազը գովերգել է արևահամ բարը, որտեղ նա լսել է դարերի խորքից եկած, բայց մինչ այսօր արդի վիշապաձայն երգը։ Բայց գուցե և հայտնվես քո հայրենիքում, սակայն սխալ ժամանակաշրջան։ Գուցե գտնվես չարաբաստիկ պատերազմի քաջ մարտիկների կողքին, զգաս նույն ցավերը, որոնք նրանց շրջապատել են ողջ պատերազմի ընթացքում։
Ուրիշ է ընկերության համը։ Դաժան է, երբ քո սեփական աչքերով տեսնում ես, թե ինչպես է ընկերդ ընկնում հանուն իր հայրենիքի։ Այս իրադարձությունն ունի 2 շարունակության տարբերակ։ Առաջինը երբ ընկերդ ընկնում է, և դու փորձում ես փախչել այդ սրտաճմլիկ տեսարանից մինչև կյանքիդ վերջին վայրկյանը տանջանքն ու ցավը սրտումդ։ Իսկ երկրորդը վազում ես ընկերոջդ մոտ, ծածկում նրան այնպես,որ դիպչելուց քեզ դիպչի։ Դու կընկնես, բայց ընկերդ կփրկվի։ Երկրորդն է իսկական ընկերը։ Նա իր ընկերոջ կյանքը վեր է դասում իրենինից։ Ահա և այդպես արեց իմ քաջարի զարմիկը զոհվելով հանուն իր ընկերոջ, հանուն հայրենիքի։ Նրա փրկված ընկերն էլ ամեն Աստծու առավոտ լալագին շնորհակուլություն է հայտնում, որ ինքը կա։
Այս չար ու դաժան աշխարհն ամենապայծառ տրտումն է։ Մերթ ժպտերես դեմքը իր իսկ պայծառությունից դառնում է մի «Կոպտերես»: «Կոպտերես»՝ ինչպիսին էլ իմ գտած խոսող օրագիրն է։ Այդ նա էր երեկ փորձում համոզել, որ աղվեսները խորամանկ չեն։ Այն ինչ հենց այդ պահին աղվեսիկի սիրելի մայրը փորձում էր գաղտնի մտնել գյուղապետի հավանոց և հենց ամենաքնկոտ ու ախորժակը բացող հավին թրցրել։ Մի՞թե դա խորամանկ չէ։ Կոպտերեսը փորձում է համոզել, որ իբր․․․
-Իբր չէ՛,-կողքից զայրացած կանչեց Կոպտերեսը։
-Լա՜վ,Լավ՜, թող այդպես լինի, փորձում է համոզել , որ մայր աղվեսը պարզապես կերակրել էր ուզում իր ձագուկներին։ Բայց իրականությունը ցույց էր տալիս 180°-ի վրա․․․
-Ո՛չ, 180 չէ,-կրկին բորբոքվեց նա։
-Լա՜վ, Կոպտերե՛ս, թող լինի 179°-ի վրա է պտտված այդ վշտալի իրականությունը։
Երբ դու զգում ես 179°-ի վրա պտտված այդ իրականությունը, այլևս սարսուռ չի անցնում մարմնովդ, այլևս չես մտահոգվում բազմազան մանրուքների համար։ Այլևս չես տրտմագին լալիս, այլևս չես ստրջանք խնդրում քո ամեն արած մեղքերի համար․․․ Ա՜խ, ցավոտ է այդ իրականությունը, բայց ինչ էլ անես փոխել այն չես կարող։ Այն միակն է․․․ Կոպտերե՛ս, մի՛ նեղացիր, բայց այն որ մայր աղվեսը հավին հենց իր տեղում կերավ, փաստ է։ Կերավ չէ, խժռեց։
-Հերի՛ք եղավ, հերի՛ք,-տաք ջուրը բերանը կոխեց Կոպտերեսը,- ինչու՞ ես ամեն ինչ ծաղկացնում։Ասում ես խժռե՞ց։ Նա պարզապես համտեսում էր։ Ասում ես իրականությունը 180°-ի վրա՞ է պտտված։ Այն ինչ 179 է, ոչ թե 180։ Հերի՛ք եղավ։ Ահա և նա է «Սուտասանը»։ «Սուտլի՛կ որսկան»։
-Ահա և թե ինչու է նրա անունը Կոպտերես։
– Նույնիսկ դա չգիտես։ Կոպտերե՜ս ,-աղիողորմ լաց էր լինում նա, սակայն փորձելով հնարավորինս կրկնօրինակել ինձ։-Դու՛,որ անունդ «Կոպտերեսի ամենալավ ընկեր» է, նույնիսկ չգիտես իմ անվան իսկական պատմությունը։
-Որ պատմեիր, կիմանայի:
-«Որ պատմեիր կիմանայի»,֊կրկնօրինակեց Կոպտերեսը,֊իսկ դու երբևէ ինձ հարցրե՞լ ես, որ ես պատմեմ։
֊Խնդրու՜մ եմ,Կոպտերես ջա՛ն,պատմի՛ր ինձ քո անվան պատմությունը։
֊Չե՛մ պատմի։
֊Խնդրու՜մ եմ։
֊Լա՛վ, լա՛վ․կպատմեմ։
֊Դե սկսի՛ր։
֊Ուրեմն իմ պատմությունը կախված է մի զորավորի հետ։ Նա է ինձ ստեղծել։ Անունը Կոպ Տերես էր։ Կոպը՝ անունը, Տերեսը՝ ազգանունը։ Նա շատ բարի մարդ էր։ Մի օր որոշեց վերցնել թելն ու ասեղը,կարել մի գիրք։ Եվ այդ գիրքն այսօր դրված է քո առջև։ Դու իմ անունը դրել ես Կոպտերես, այն ինչ դա իմ հեղինակի անունն է։ Իսկ իմ անունն իրականում «Օրագիր» է։ Դու՛, «իմ ամենալավ և ամենամտերիմ ընկեր» կոչվածը, նույնիսկ իմ իսկական անունը չգիտես։ Դու մի անգամ չես բացել֊տեսել, թե ինչ կա իմ մեջ։ Եվ դու՜ ես իմ ամենամոտիկ ընկերը- գրեթե լացակումած գոռաց․․․ըը՜մ․․․ի՞նչ էր անունը․․․ Հիշեցի՜․․․ Օրագի՜րը․․․
֊Լա՜վ, Օրագի՛ր, լաց մի՛ լինի, հանգստացի՛, թող բաց անեմ քեզ նման այդ հրաշքի դուռը։
֊Չե՛ս կարող,֊ տխրահառաչ ասաց նա։
֊Ինչու՞։
֊Գաղտնիք է։ Հիմա քնելուս ժամն է։ Ինձ վերցրու՛ և դի՛ր պահարանի մեջ։
Վերցնելով և դնելով Օրագրին իր տաքուկ, բայց ոչ փափուկ անկողնու մեջ, ես նույնպես մխրճվեցի, բայց ոչ թե անկողնու, այլ տեղատարափ մտքերի գիրկը։ Այդ ի՞նչ գաղտնիք էր պարունակում Օրագիրն իր մեջ։ Տարօրինակ է, շա՜տ տարօրինակ։ Արդյո՞ք այդ գաղտնիքը վերաբերվում է ինձ։ Գուցե փոքրիկ քույրիկի՞ս։ Իսկ եթե մայրիկի՞ս։ Չգիտե՜մ․․․ Է՜հ․․․ Վա՜յ, ժամը մեկն է ոչ առավոտվա։ Պետք է քնել։ Պառկեցի անկողնուս մեջ։ Եվ ինչքան էլ այդ անկյունը տաքուկ և հաճելի էր, միևնույնն է, քունս չէր տանում։ Այդ գաղտնիքն որն իր մեջ պարունակում էր այդ գեղաշխարհիկ հրաշալիքը տեղիք էր տալիս բազմատեսակ մտքերի, կասկածների, մտորումների։ Գնա՞մ բացեմ գաղտնիքը։ Առաջին եսը ասաց․ «Իհարկե՛, ինչի՞ն ես սպասում, բացի՛ր այդ հրաշալիքը»։ Երկրորդն ասաց․ «Համբերատար եղի՛ր: Առավոտը կբացվի, կփորձես հարց ու փորձ անել Օրագրին։ Եթե չպատասխանի հարցերիդ՝ կբացես և կպարզես»։ Մյուս կողմից էլ տանջվում էի ազգանունի պատճառով։ Չէ՞ որ մեր տանը բոլորը Տերես էին։ Դա հավանաբար կապ ուներ ընտանիքիս հետ։ Այդ վայրկյանից հետո շատ ծանր հոգնածություն իջավ վրաս։ Գիտակցությունը սկսեց կամա՜ց֊կամա՜ց դավաճանել։ Աչքերս աստիճանաբար փակվեցին և քնեցի։ Իրարանցում էր դպրոցում։ Վազվզում էին մի շարք երեխաներ։ Բայց այս ամենը կարծես կատարվում էր տասնամյակներ առաջ։ Դպրոցում պատերն այդքան վառ և գեղեցիկ չէին։ Կահույքը հնամաշ էր։ Նստած էին աշակերտները և կարծես քննություն լիներ։ Բոլորի ձեռքից չէին հապաղում գրիչները։ Դրանք շարժվում էին բավականաչափ արագ։ Սենյակի անկյունում կար աշակերտական սեղանից փոքր ինչ տարբերվող և անհամեմատ մեծ մի սեղան։ Կողքն էլ դրված էր բարձր և աշակերտների աթոռներից բավականին ճոխ աթոռ, սակայն մարդ չկար նստած։ Ինչու՞ աշակերտները չէին օգտվում առիթից և միմյանց օգնում, հուշում։ Չէ՞ որ ուսուցիչը դասարանում չէր։ Աչքս ապուշ կտրեց։ Մի՞թե բոլորն այդքան լավ էին պատրաստվել, որ նույնիսկ ժամանակ չունեին միմյանց հուշելու։ Ոչ թե ժամանակ, այլ նույնիսկ կարիք։ Հանկարծ մի բարձր դրմբոց լսվեց սենյակում։ Այդ սովորական չէր, սարսափների ամրոցից էր փախչել։ Այդ դրմբոցն այնքան հստակ էր և խիստ, որ նույնիսկ ճանճը, որն ամբողջ ժամանակ բզզում էր և խանգարում այդ պատկառելի լռության սրընթաց ընթացքը, վախից պարզապես վայր ընկավ։ Գրիչներն այդ արագ մեկ վայրկյանում կանգ առան։ Բոլորի դեմքը մի ակնթարթում շրջվեց սարսափների տիրակալի կողմը։ Բայց երբ վերջինս ազդարարեց, որ քննության ավարտին մնացել է ընդամենը հինգ րոպե, այդ արագաշարժ գրիչներին միայն լույսի արագությունը կարող էր զիջել․․․
Շարունակելի
